29 մարտի 2010 - 14:02 AMT
Վիկտոր Սողոմոնյան. Նորաձեւ է դառնում ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ռոբերտ Քոչարյանի անվան հիշատակումը
Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ԼՂՀ ուղիղ մասնակցության հարցն այսօր դարձել է քաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցերից մեկը: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, լրագրողներ եւ փորձագետներ քննարկում են այն գրեթե ամեն օր: Այդ մասին ասվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հաղորդագրության մեջ: «Նորաձեւ է դառնում այդ համատեքստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հիշատակումը, ով ժամանակին իբր դուրս է մղել պաշտոնական Ստեփանակերտին բանակցությունների սեղանից: Ընդ որում, առավել հաճախ դա ասվում է բոլոր իմաստներով աննկատ մարդկանց կողմից, որոնք հեռու են Ղարաբաղից թե գործնական, թե զգացմունքային առումով»:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Անդրադառնանք պատմությանը (ի դեպ` հանրահայտ էջերին) եւ փորձենք գտնել հետեւյալ հարցի պատասխանը. ե՞րբ եւ ինչպե՞ս են մասնակցել ԼՂՀ ներկայացուցիչները բանակցային գործընթացում: 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում, ԵԱՀԽ (ԵԱՀԿ նախկին անվանումն է) Խորհրդի այսպես անվանվող «լրացուցիչ հանդիպման» ժամանակ կայացվեց հայտնի որոշումը` ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ խաղաղ համաժողով անցկացնելու մասին: Բելառուսը պատրաստակամություն հայտնեց կազմակերպել այդ համաժողովն իր մայրաքաղաքում, որտեղից էլ անուն առան Մինսկի գործընթացը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Նշված որոշման 9-րդ կետում ասվում էր. «Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ այլ ներկայացուցիչները կհրավիրվեն Համաժողովին նրա նախագահողի կողմից` Համաժողովի մասնակից պետությունների հետ խորհրդատվություններ անցկացնելուց հետո»1: Որպես «ընտրված եւ այլ ներկայացուցիչներ» պատկերացվում էին, մի կողմից, ԼՂՀ նորընտիր Գերագույն Խորհրդի ներկայացուցիչները, մյուս կողմից (ըստ ադրբեջանական վարկածի)` Լեռանային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:

Ինչպես հայտնի է, Մինսկի համաժողովը չկայացավ. դա ակտիվ պատերազմական գործողությունների շրջան էր, եւ մեկ հայկական, մեկ ադրբեջանական կողմը, ելնելով ռազմաճակատում առկա իրավիճակից, չէին համաձայնվում բանակցությունների նստել: Այդ պայմաններում աշխատանքային խումբ ստեղծելու որոշում կայացվեց, որը կզբաղվեր համաժողովի նախապատրաստմամբ: Նույն թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին նորաստեղծ Մինսկի խումբը Հռոմում կողմերի միջեւ հնգափուլ հանդիպումների շարք անցկացրեց: ԼՂՀ ներկայացուցիչներ Ռոբերտ Քոչարյանը, Հրանտ Խաչատրյանը եւ Բորիս Առուշանյանը սկսեցին մասնակցել այդ հանդիպումներին երրորդ փուլից: Սակայն, Բաքուն շարունակ հրաժարվում էր ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ ճանաչել, անվանելով Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը «հայ համայնքի ներկայացուցիչներ»: Որպես այդ մոտեցման հաստատում, նրանք համառորեն ներառում էին իրենց պատվիրակության կազմում Նիզամի Բախմանովին, Շուշիի այն ժամանակվա քաղաքապետին` որպես ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ: 1996 թվականին կայացած ԵԱՀԿ Լիսաբոնյան համաժողովի որոշումները միայն խորացրեցին բանակցությունների ձեւաչափի ձեւակերպումների վերաբերյալ կողմերի հակասությունները, ինչի արդյունքը դարձավ նշված ձեւաչափով բանակցային գործընթացի վերջնական դադարեցումը 1997 թվականին:

Ըստ էության, բոլոր այդ տարիների ընթացքում անարդյունք քննարկվում էր միայն մեկ առաջարկ, որ հրապարակ էր բերել ռուսական կողմը (ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը): Այն համապարփակ կարգավորում չէր ենթադրում, այլ ուղղված էր լոկ հակամարտության հետեւանքները հաղթահարելուն. արծարծվում էին փախստականների վերադարձին, բաժանարար գծերի հստակեցմանն առնչվող եւ այլ նմանատիպ հարցեր: Նշված ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ (1993 թվականին) առանձին բանակցություններ են անցել ԼՂՀ փաստացի ղեկավար, ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի միջեւ, սակայն այդ հանդիպումը խորհրդապահական բնույթ է կրել եւ ձեւաչափի իմաստով շարունակականություն չի ենթադրել: Եվս մեկ հանդիպում Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կազմակերպվել է Ռուսաստանի արտգործնախարար Ա. Կոզիրեւի միջնորդությամբ Մոսկվայում, եթե չեմ սխալվում` 1995 թվականին: Սակայն այդ ձեւաչափը եւս շարունակություն չստացավ»,-ասվում է հաղորդագրության մեջ: