22 նոյեմբերի 2001 - 22:45 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԿՔՆՆԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Եվրախորհրդի Քաղաքական կոմիտեն դեկտեմբերյան նիստի ընթացքում Հյուսիսային Կովկասում կայունության մասին դաշնագրի քննարկման շրջանակներում կշոշափի ղարաբաղյան կարգավորման հիմնախնդիրը: Ենթադրվում է, որ մոտ ժամանակներս կորոշվի ղարաբաղյան հարցի մասին զեկուցողի թեկնածությունը, որին պետք է հավանություն տան դիմակայության կողմերը: Զեկուցողը կայցելի Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու, ուր կծանոթանա տիրող իրադրությանը: Նրա զեկույցը կլսվի, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա աշնանը: Զեկույցի քննարկման գործընթացին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ ԵԽԽՎ-ում հայկական կողմի դրված հարցին դեռեւս չի տրվել ոչ մի որոշակի պատասխան: Հայկական պատվիրակության անդամները կտրականապես հերքում են Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրությունները այն մասին, որ, իբրեւ թե, Եվրախորհուրդը ճանաչել է Հայաստանը որպես ագրեսոր-երկիր: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, ԵԽԽՎ-ում այդ հարցը ընդհանրապես չի քննարկվել: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: