30 մարտի 2010 - 14:56 AMT
Սինգապուրը սպասում է պատանի օլիմպիականներին
Օգոստոսի 15-26-ը Սինգապուրում կանցկացվեն ամառային պատանեկան օլիմպիական առաջին խաղերը: Ծրագրում ընդգրկված է 26 մարզաձեւ: Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՄՕԿ ի նախագահ, բելգիացի Ժակ Ռոգեին: Նպատակն է համախմբել աշխարհի շնորհալի պատանի մարզիկներին (14-18 տարեկան ): Մարզականից բացի, խաղերն ունեն նաեւ կրթական ու դաստիարակչական նշանակություն: Մասնակիցները եւ նրանց մյուս հասակակիցները պետք է ծանոթանան օլիմպիական գաղափարներին, գիտակցեն ֆիզկուլտուրայի եւ սպորտի օգտակար դերը մարդու կյանքում,առողջ ապրելակերպի, չարիք պատճառող դոպինգի մասին եւ այլն:
Մարտի 22-25-ը Սինգապուրում տեղի ունեցավ ազգային օլիմպիական կոմիտեների գլխավոր հանձնակատարների սեմինար- խորհրդակցություն: Խաղերի կազմկոմիտեի նախագահ Սեր Միանգն ասել է,որ Սինգապուրի 5 միլիոն բնակչության 70 տոկոսը չինացի է,14 -ը` մալայզիացի եւ այլն: Նրանք բոլորը սիրում են իրենց բնակավայրը եւ առաջնորդվում են « Մենք չենք ծխում, չենք կեղտոտում միջավայրը, սիրում ենք մեր երկիրը» կարգախոսով: Այնտեղ ապրում են նաեւ հայեր, կա հայկական եկեղեցի եւ հայկական փողոց:
Միջոցառման օրերին չի թույլատրվի փողոցում սնվել, մաստակ օգտագործել: Խիստ հսկողություն կսահմանվի թմրամոլության, թղթախաղի դեմ: Փողոցներում ավտոմեքենաների խցանումներ չեն լինի, իսկ մասնակիցները քաղաքային տրանսպորտի միջոցներից կօգտվեն անվճար:
Սինգապուրում խաղերի անցկացման համար նոր մարզահամալիրներ չեն կառուցվել, որովհետեւ կա մարզահանգրվանների խիտ ցանց: Բոլոր մրցավայրերը կազմ ու պատրաստ վիճակում են ու սպասում են այցելուներին: Խաղերի օրերին տեղի կունենան մարզամշակութային բազմաթիվ միջոցառումներ:
Գլխավոր հանձնակատարների հավաքին Հայաստանը ներկայացնում էր ՀԱՕԿ ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
Հավելենք, որ Հայաստանն առայժմ ունի երեք մասնակից` երկու ծանրորդ եւ մեկ ձյուդոիստ: Վարկանիշային մրցումները շարունակվում են: Հաղորդում է ՀԱՕԿ ի մամուլի ծառայությունը: