17 մարտի 2010 - 18:48 AMT
Տիգրան Սարգսյան. Էրդողանը չափազանցրել է Թուրքիայում հայ գաղթականների թիվը

Թուրքիայի վարչապետը չափազանցրել է Թուրքիայում հայ գաղթականների թիվը: Այդ մասին Հայաստանի Ազգային Ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` մեկնաբանելով իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Թուրքիայից հայ գաղթականների արտաքսման վերաբերյալ:

«Մենք Թուրքիայում հայ գաղթականների քանակի մասին կոնկրետ տվյալներ չունենք: Այդ թիվը ճշտելու համար անհրաժեշտ է աշխատել դիվանագիտական ուղիներով»,- ասաց Հայաստանի վարչապետը` ընդգծելով, որ հայերը Թուրքիա են գաղթում ոչ միայն Հայաստանից, այլեւ ուրիշ երկրներից:

Ինչ վերաբերում է Էրդողանի հայտարարության քաղաքական գնահատականին, ապա Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ իր թուրք պաշտոնակցի հայտարարությունները չեն նպաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Ես չեմ համարում, որ նման մեթոդներով հարաբերությունները կարգավորելը ճիշտ է: Հայ-թուրքական գործընթացի հարցում մեր դիրքորոշումը պարզ է, եւ մենք չպետք է հետ կանգնենք մեր սկզբունքից թուրքական կողմի յուրաքանչյուր հայտարարության պատճառով»,- ասաց ՀՀ վարչապետը` ավելացնելով, որ չարժե թուրքական կողմի, այդ թվում Ռեջեփ Թայիփ Էրդողանի յուրաքանչյուր հայտարարությունը կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների հետ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հնարավոր է հայաստանցի 100 հազար անօրինական գաղթականների վտարումը: «Իմ երկրում բնակվում է 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են»,- ասել է նա: «Վաղը, եթե պահանջվի, ես կասեմ այդ հարյուր հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- ասել է Էրդողանը:

Հայտարարության համար առիթ է հանդիսացել մի շարք երկրների խորհրդարանների կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նկատմամբ Անկարայի արձագանքը: