Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի17-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում քննարկվել են Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթի» շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Եվրոպական միության եւ նրա արեւելյան գործընկերների միջեւ քաղաքական ասոցացման ու հետագա տնտեսական ինտեգրման անհրաժեշտությունը` նշելով, որ խորհրդարանական համագործակցությունը էապես կարող է խթանել այդ գործընթացները: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Եվրանեսթի դերը Արեւելյան գործընկերության ծրագրի նպատակների իրականացման մեջ:
Եժի Բուզեկը շատ բարձր է գնահատել ժողովրդավարական գործընթացները Հայաստանում, նշելով, որ իրենք աջակցում են դրանց : Զրուցակիցները քննարկել են նաեւ հայկական կողմի առաջարկները «Եվրանեսթի» կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը Եվրախորհրդարանի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: