31 մարտի 2010 - 11:15 AMT
Ադրբեջանական կողմն անընդհատ խափանում է ԵԱՀԿ դիտարկումները

«Մենք արդեն ուշադրություն չենք դարձնում Կալաշնիկովի հրացանից արձակված կրակոցներին, քանի որ դրանք հաճախ են: Դա, օրինակ, նման է քարեր շպրտելուն: Բայց վերջին ժամանակներն ադրբեջանական կողմը սկսել է կրակել հայկական տարածքի վրա խոշոր տրամաչափի զենքից, եւ տրամաչափն անընդհատ մեծանում է»,- Բերքաբեր գյուղի մոտ ԵԱՀԿ դիտարկումն անցկացնելուց առաջ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Տավուշի մարզի վարչակազմի ղեկավար Արմեն Ղուլարյանը: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմն անընդհատ խափանում է դիտարկումները` վկայակոչելով գոյություն չունեցող արգելքները եւ ասելով, թե չի կարող ապահովել դիտարկումն անցկացնող սպաների անվտանգությունը: «Հայկական կողմը պատրաստ է ապահովել նրանց անվտանգությունը ոչ թե 100, այլ 1000 տոկոսով»,- ասել է Ղուլարյանը:

Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, սահմանի կոմիսար Անդրանիկ Մկրտումյանը հիշեցրել է, որ անցյալ տարի Հելսինկիում ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ առաջարկ է արվել հեռացնել դիպուկահարներին կրակի գծից, սակայն ադրբեջանական կողմը մինչեւ հիմա չի համաձայնվել, հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Տավուշի մարզից:

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի մոտ ԵԱՀԿ-ն անցկացնում է պլանային դիտարկում ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման գծում: Դիտարկմանը չի մասնակցում ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի անձնական ներկայացուցիչը: