Եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողվի, ապա այն կարող է վերսկսվել միայն 5-6 տարի անց: Այդ մաիսն Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա, եթե գործընթացը տապալվի, երկրների միջեւ հարաբերություններն ավելի կվատթարանան, քան մինչ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների ստորագրումը: Ընդ որում Շաքարյանը նշել է, որ Անկարան դեռ փորձում է ինչ-որ քայլեր ձեռնարկել ձգձգելու համար գործընթացը, քանի որ նա առավել շահագրգռված է գործընթացի, քան արդյունքի մեջ: «Անկարան ցանկանում է կիսամեռ վիճակում պահել հայ-թուրքական գործընթացը»,-ասել է փորձագետը` հավելելով, որ եթե Թուրքիան խելացի լիներ, նա կվավերացներ թեկուզ Արձանագրություններից մեկը` ցույց տալու համար աշխարհին, որ մտադիր է շարունակել գործընթացը: «Ակնհայտ է, որ Թուրքիան չի ցանկանում մասնակցել այս գործընթացին, եւ որ նա դա անում է ճնշման ներքո»,-ասել է Արտակ Շաքարյանը:
Փորձագետը նշել է նաեւ, որ հայ-թուրքական գործընթացի ձախողումը ոչ մի կերպ չի ազդի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վրա: «Անկարան այնքան խնդիրներ ունի, որ փակ հայ-թուրքական սահմանը առանձնապես չի ազդի նրա իմիջի վրա»,-ասել է Ա.Շաքարյանը: