1 ապրիլի 2010 - 13:15 AMT
Դոկու Ումարովը ստանձնել է Մոսկվայում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը

Չեչեն անջատողականների առաջնորդ Դոկու Ումարովը ստանձնել է Մոսկվայում 39 մարդու կյանք խլած պայթյունների պատասխանատվությունը: Տեսաուղերձում, որը Ումարովը զետեղել է իր կայքում, ասվում է, որ նա անձամբ է հրաման արձակել հարձակման մասին: Ըստ նրա, Ռուսաստանում նոր ահաբեկչական գործողություններ կլինեն: Տեսաուղերձից մի քանի ժամ առաջ Ումարովի խմբավորման ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ումարովը կապ չունի մոսկովյան մետրոյում հնչած պայթյունների հետ, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

Տեսանյութը նկարահանվել է 2010թ. մարտի 29-ին: Ումարովը հայտարարել է, որ հարձակումը Մոսկվայում «հատուցման օրինական գործողություն էր» Կովկասում «ռուս օկուպանտների սարքած կոտորածի դիմաց, որին զոհ գնացին Չեչնյաի եւ Ինգուշեթիայի խաղաղ բնակիչները, որը տեղի է ունեցել 2010թ. փետրվարի 11-ին Արշտի բնակավայրի մոտ:

Ըստ Ումարովի, Ռուսաստանում նոր ահաբեկչական գործողություններ կլինեն: Ամերիկացի փորձագետները, որոնք հետեւում են իսլամիստական կայքերին, Ումարովի հարցազրույցը համարում են իրական, հաղորդում է dpa գործակալությունը:

Դաշնային ուժերի հատուկ գործողության ընթացքում Ինգուշեթիայի Արշտի եւ Դատիխ գյուղերի մոտ, ըստ պաշտոնական տվյալների, սպանվել է 18 գրոհային: Տուժել է հինգ խաղաղ բնակիչ, որոնցից 4-ը հետագայում զոհվեցին: Դաշնային ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ գրոհայինները օգտագործեցին խաղաղ բնակիչներին որպես «կենդանի վահան»: