1 ապրիլի 2010 - 20:52 AMT
Մոսկվայի հայերը ծաղիկներ դրեցին մոսկովյան մետրոյի ահաբեկչության վայրում

Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները հարգեցին մոսկովյան մետրոյի ահաբեկչության զոհերի հիշատակը: Ապրիլի 1-ին Ռուսաստանի հայերի Միության (ՌՀՄ), հայկական երիտասարդական կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին մետրոյի ահաբեկչության վայրում` «Լուբյանկա» կայարանում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ՌՀՄ փոխնախագահ Լեւոն Մուկանյանը, այդ ակցիայով հայերը կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը եւ դատապարտեցին ահաբեկչության ցանկացած դրսեւորում: «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Ահաբեկիչները պետք է հասկանան, որ նրանց մեթոդները` ուղղված հասարակության մեջ վախի սերմանմանը, չեն աշխատում»,- ասաց Լեւոն Մուկանյանը:

Մարտի 29-ի առավոտյան Մոսկվայի կենտրոնում «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարանններում տեղի են ունեցել պայթյուններ: ՌԴ մայրաքաղաքի մետրոյում տեղի ունեցած երկու պայթյունների արդյունքում 39 մարդ մահացել է, ավելի քան 90-ը` վիրավորվել: