6 ապրիլի 2010 - 12:55 AMT
ԵՄ հետ համագործակցությունը մնում է ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը

ԵՄ հետ համագործակցությունը մնում է ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Այդ մասին ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նաև նշեց, որ այս հարցը հետաքրքրում է ԵՄ-ին, ինչի մասին վկայում են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների վերջերս հաճախակի դարձած այցելությունները Հայաստան:

Նալբանդյանի խոսքերով, Ֆյուլեի այցը լավ առիթ է Հայաստան-ԵՄ օրակարգի հարցերը քննարկելու, ինչպես նաև Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարելիք այցից առաջ կողմերի միջև համագործակցությունը խորացնելու համար: “Եվրամիությունը Հայաստանի համար հանդիսանում է վստահելի քաղաքական և տնտեսական գործընկեր: ՀՀ-ԵՄ հարաբերությունները ներկայումս գտնվում են վերընթաց զարգացման փուլում, համագործակցությունը ԵՄ հետ նոր որակական մակարդակի վրա է դրվել Արևելյան գործընկերության մեկնարկով”,- ասել է Նալբանդյանը: “Այս առումով հայկական կողմը հատկապես կարևորում է ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը և ասոցիացման համաձայնագրի կնքնման բանակցությունների մեկնարկը”,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Նալբանդյանը նաև հայտնեց, որ Ֆյուլեի հետ հանդիպմանը քննարկել են Արևելյան գործընկերության ամրապնդումը:Նա, ինչպես նաև Շտեֆան Ֆյուլեն, հույս հայտնեց, որ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում կընդլայնվի:

Իր հերթին, Ֆյուլեն ասաց, որ ԵՄ-ն ռազմավարական հետաքրքրություն ունի և ցանկանում է իր արևելյան հարևանների կայունությունը և զարգացումը: “Մենք ուրախ ենք, որ Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը զարգանում է, ինչը մեր հարաբերությունները նոր մակարդակի վրա է բարձացնում”,- ասել է Ֆյուլեն: Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում կողմերը սկսելու են ասոցիացման համաձայնագրի բանակացությունները: “Հուսով եմ, որ այդ համաձայնության մասը կդառնա այսպես կոչված տնտեսական ինտեգրացիան, այսինքն ազատ առևտրի գոտու ստեղծումը”,- ասել է նա, ավելացնելով, որ դա ուղղակի համաձայնություն չէ, այլ արդյունավետ գործիք, որը ԵՄ-ն առաջարկում է Հայաստանին, որպեսզի օգնի նրան ավելի մոտ լինել Եվրոպային և ինտեգրվել եվրոպական շուկաներ: Նրա խոսքերով, քննարկվել է նաև աջակցության հարցը, որը ԵՄ-ն ցուցաբերում է Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու գործընթացում:

Անդրադառնալով ԵՄ նոր մուտքի արտոնագրի հարցին, Ֆյուլեն ասաց, որ դա արվել է ԵՄ գործընկերների համար ավելի թափանցիկ համակարգ ստեղծելու համար: “Դա շատ կարևոր քայլ է ԵՄ անդամ-երկրների հետ մերձենալու համար”,- ասել է նա: Նա նաև հույս հայտնեց, որ Հայաստանի քաղաքացիների համար այս ռեժիմն օգտակար կլինի: