6 ապրիլի 2010 - 13:03 AMT
ԱՄՆ կոնգրեսականները հանդես են եկել Էրդողանի եւ Պետդեպարտամենտի քննդատությամբ

Կոնգրեսականներ Ջիմ Կոստան եւ Ադամ Շիֆը հանդես են եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության դեմ անօրինական հայ ներգաղթյալների արտաքսման մասին: “Հայտարարությունը նախատեսված է Հայաստանին վախեցնելու համար և հենց այդպես Անկարան պատասխանում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը”,- ասվում է կոնգրեսականների ուղեձում, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Ադամ Շիֆի խոսքերով, Անկարան օգտագործում է հայերին որպես “կենդանի թիրախ”: Իր հերթին ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Ջիմ Կոստան ընդգծեց, որ Թուրքիայի սպառնալիքներն անպատասխանատու քայլ են` հաշվի առնելով, որ հայ-թուրքական հարաբերությունները կախված են Հայոց ցեղասպանությունից:

“Կոնգրեսականներ Կոստան և Շիֆը հանդես են եկել ուժեղ և սկզբունքային մեկնաբանություններով, որոնք դատապարտում են Էրդողանի սպառնալիքները հայերի արտաքսման մասին: Նրանց դիրքորոշումները սուր հակասության մեջ են Պետդեպարտամենտի դիրքորոշման հետ, որն աշխատում է ամեն ինչ հանգեցնել ներգաղթի պարզ հարցին: Էրդողանի հայտարարությունները պարզ են, ինչպես նաև նրա ակնհայտ մտադրությունն` օգտագործել 1915-ի ուրվականը վախեցնելու համար հայ ժողովրդին”,- հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ցանկացած պահին կարող է վտարել հայ անօրինական ներգաղթյալներին, որոնք բնակվում են Թուրքիայում: