6 ապրիլի 2010 - 17:27 AMT
Սուեր Բելասեն. Հայաստանի մայրաքաղաքն այսօր վեր է ածվել մարդու իրավունքների մայրաքաղաքի՚

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ տիկին Սուեր Բելասենին, ով Երեւանում է ֆեդերացիայի 37-րդ համաժողովի անցկացման առիթով:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի` Հայաստանի հետ ծավալած համագործակցությունը եւ ողջունել նման ներկայացուցչական կազմով համաժողովը Երեւանում անցկացնելու որոշումը:

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում դեռեւս բազմաթիվ խնդիրներ կան, սակայն ակնհայտ է, որ հնարավոր չէ դրանք բոլորը միանգամից լուծել: “Այստեղ մենք առաջնորդվում ենք ամեն ինչ համեմատության մեջ դիտարկելու սկզբունքով. եթե առաջընթաց է նկատվում, ապա նշանակում է, որ գործադրվող ջանքերը ճիշտ ուղղությամբ են”,-նշել է Սերժ Սարգսյանը:

Ս. Բելասենը շնորհակալություն է հայտնել համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու գործում Հայաստանի ներդրած ջանքերի համար: Նա ՄԻՄՖ-ի համաժողովի անցկացումը մեր տարածաշրջանում բնորոշել է որպես պատմական իրադարձություն` նշելով, որ ՙՀայաստանի մայրաքաղաքն այսօր վեր է ածվել մարդու իրավունքների մայրաքաղաքի՚: Տիկին Բելասենն ասել է, որ մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանը տարածաշրջանում շահեկան դիրքերում է, եւ այսօր Հայաստանի միջոցով կարեւորվում է ողջ տարածաշրջանը:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ համագործակցությունը կշարունակի զարգանալ` կատարելագործելով մարդու իրավունքների պաշտպանությանը կոչված հայաստանյան կառույցների գործունեությունը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: