Վաշինգտոնում այսօր աշխատանքն է սկսում միջուկային անվտանգության միջազգային գագաթաժողովը: Գագաթաժողովին մասնակցում է 47 երկիր, ՄԱԿ-ի, Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության և Եվրամիության ներկայացուցիչներ:
Երկօրյա գագաթաժողովն ամենախոշոր միջազգային համաժողովը կլինի ԱՄՆ-ում 1945թ. ՄԱԿ-ի սահմանադիր ժողովից ի վեր:
Հյուրերի դիմավորման հանդիսավոր արարողությունը կսկսվի տեղական ժամանակով երեկոյան ժամը 5-ին: Դրանից հետո տեղի կունենա ընդհանուր աշխատանքային ընթրիք , որի գլխավոր թեման կդառնա միջուկային զենքի տարածման սպառնալիքի մասշտաբների և ժամանակակից աշխարհում միջուկային ահաբեկչության քննարկումը:
Երեքշաբթի կայանալու են ընդլայնված կազմով նիստերը` նվիրված միջուկային սպառնալիքին հակազդելու հարցերին:
Մեկ շաբաթ առաջ Օբամայի վարչակազմը ներկայացրեց ԱՄՆ-ի միջուկային դոկտրինը, որտեղ գլխավոր համաշխարհային սպառնալիքը համարվեց միջուկային ահաբեկչությունը և միջուկային զենքի տարածումը: Իրանի ու ԿԺԴՀ-ի նախագահները գագաթաժողովի չեն հրավիրվել, հաղորդում է euronews-ը: