12 ապրիլի 2010 - 15:35 AMT
Հայաստանում կրթության բնագավառում բարեփոխումները կավարտվեն 2010 թ. վերջին

2010 թ. վերջին Հայաստանի կրթության բնագավառում իրականացվելու են օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին ապրիլի 12-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը: “Անցյալ տարի ընդունված ՀՀ “Հանրակրթության մասին” օրենքը մեզ վրա մեծ պարտավորություններ է դրել, այն է`վերանայել հանրակրթությունը կարգավորող օրենսդրական դաշտը”, - ասել է նա:

Նախարարի խոսքերի համաձայն, ընդունված օրենքի շրջանակներում նախատեսվում է վերանայել մոտ 60 կետ, որի մի մասը ՀՀ կառավարության իրավասությանն է պատկանում, իսկ մյուս մասը` ՀՀ գիտության և կրթության նախարարությանը: Այս կապակցությամբ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ առաջին եռամսյակում ծրագրված միջոցառումներն արդեն իրագործվել են, մասնավորապես` ընդունվել է “Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը”, “Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը”, մշակվում և մոտ ժամանակներում կընդունվեն “Ուսուցիչների որակավորման ծրագիրը”, “Դպրոցի տնօրենի վերապատրատման ծրագիրը”:

“Օրենսդրական այս ամբողջ փաթեթը մեծ ջանքեր էր պահանջում և պատրաստվել է հասարակական մի շարք կազմակերպությունների, փորձագետների և միջազգային կառույցների համագործակցության շնորհիվ”, - ասել է նա:

Արմեն Աշոտյանն ավելացրել է, որ այս աշխատանքը շարունակական բնույթ է կրում և, կազմված ժամանակացույցի համաձայն, որն արժանացել է ՀՀ վարչապետի հավանությանը, աշխատանքն ավարտվելու է մինչև տարվա վերջ: