Այժմ հայ հանրությունն ակնկալիքների մեջ է` Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա հանդիպումների առումով, ինչպես նաև` այն առումով, թե կարտասանի արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին “ցեղասպանություն” տերմինը հայ համայնքին իր ամենամյա ուղերձում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Ա.Զուրաբյանը նշել է, որ նա առանձնակի սպասումներ չունի Հայաստանի նախագահի վաշինգտոնյան հանդիպումներից, քանի որ, այդ հանդիպումների նպատակն է, որ ապրիլի 24-ին Օբաման չարտասանի “ցեղասպանություն” բառը, ինչը բխում է Թուրքիայի շահերից; “Կոպիտ ասած, ԱՄՆ-ն փորձում է “պահպանել իր դեմքը”,-նշել է նա:
ՀՀՇ վարչության անդամը վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնում Սարգսյան-Էրդողան հանդիպումների ընթացքում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի: “Այժմ Ս.Սարգսյանը կարող է ընդհանրապես դուրս գալ ինչպես հայ-թուրքական, այնպես էլ ղարաբաղյան գործընթացներից, քանի որ նա կատարեց իր առջև դրված խնդիրը` խուսափեց 2008թ. մարտի 1–ի ողբերգական իրադարձությունների պատճառով ճնշումներից”,-ասել է նա:
Հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ Զուրաբյանը նշել է, որ ճիշտ կլիներ, եթե Հայաստանն առաջինը վավերացներ Հայ-թուրքական արձանագրությունները` ցույց տալով ողջ աշխարհին թուրքական կողմի ապակառուցողականությունը: “Այդ քայլով Հայաստանը ցույց կտար, որ հենց Թուրքիայի պատճառով է, որ հայ-թուրքական գործընթացն առաջընթաց չի գրանցում”,-նշել է նա: