“Սինոփսիս Արմենիայի” 381 աշխատակիցների 40 տոկոսը ՀՊՃՀ բազայի վրա “Սինոփսիս” կրթական ծրագրի շրջանավարտներ են: Այդ մասին ապրիլի 13-ին նոր ուսումնական շրջանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է “Սինոփսիս Արմենիայի” գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նրա խոսքերով, այդպիսով ընկերությունն օգնում է կանխել “ուղեղների արտահոսքը” երկրից:
“Ճարտարագիտական համալսրանի ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ինժեներային մտքի, գիտելիքների և նոր տեխնոլոգիաների նկատմամբ: Եթե նրանք մեզ մոտ աշխատելու հնարավորություն չունենային, շատերը կմեկնեին արտասահման”,- ասել է Մուսայելյանը:
“Սինոփսիս Արմենիայի” գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանի խոսքերով, ճարտարագիտական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողներին առաջարկվող կրթական համակարգը գերժամանակակից է, այն արդեն կիրառվում է Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հյուսիսային Եվրոպայի երկրների առաջատար բուհերում:
“Հայաստանում “Սինոփսիսի” կրթական բաժանմունքը, որը յուրահատուկ կրթական մոդել է իրականացնում, մեծ նշանակություն ունի մեզ համար: Այս ծրագրի հզորությունը Հայաստանում մեր ներկայության հիմնական պատճառն է և Հայաստանում ՏՏ զարգացման բաղադրիչ մասն է կազմում",-ասել է Ռիչ Գոլդմանը: