14 ապրիլի 2010 - 17:52 AMT
Երևանում կայացել է “Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում” ձեռնարկի շնորհանդեսը

Ապրիլի 14-ին Երևանում կայացել է “Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում” ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկում ներկայացված հետազոտություններն անցկացվել են “Համագործակցության հանուն ժողովրդավարության” կենտրոնի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Ձեռնարկի նպատակն է հետազոտել կրոնական անհանդուրժողականության և խտրականության հնարավոր դրսևորումները, առաջարկել և վերլուծել ՀՀ օրենսդրությունը կրոնի կամ հավատի ազատության վերաբերյալ, և հիմնվելով արդյունքների վրա, Հայաստանի իշխանություններին ներկայացնել առաջարկություններ, որոնք նպաստում են կրոնական հանդուրժողականության զարգացմանը:

“Մենք երկու ուղղությամբ հետազոտություններ ենք անցկացրել Հայաստանում կրոնական ազատությունների վերաբերյալ: Առաջին ուղղությունը վերաբերվում է իրավական հարցերին, իսկ երկրորդը ներկայացնում է տարբեր ոլորտներում կրոնական հանդուրժողականության դերը և իրավիճակը: Պարզվեց, կրոնական օրենսդրությունը Հայաստանում լուրջ վերանայումների կարիք ունի, մասնավորապես “Խղճի և կրոնական կազմակերպությունների ազատության մասին” օրենքում”,- ասել է “Համագործակցություն հանուն ժողովրդավարության” կենտրոնի տնօրեն Ստեփան Դանիելյանը:

Հետազոտությունների ընթացքում թերություններ են նկատվել ԶԼՄ-ների ոլորտում և հանրակրթական հաստատություններում, որտեղ արձանագրվել են կրոնական անհանդուրժողականության ընդգծված դրսևորման դեպքեր: Օրինակ, Լոռու մարզում տնօրենը ստիպել է երեխաներին դառնալ Հայ Առաքելական եկեղեցու հետնորդներ: