14 ապրիլի 2010 - 19:14 AMT
Մարգարիտա Հովակիմյանը Ռուսաստանում Լողի Բաց Առաջնությունում երկու արծաթե մեդալ նվաճեց

2010 թ. ապրիլի 7-12 Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում անցկացվեց ՌԴ Լողի Բաց Առաջնությունն և Չեմպիոնատը հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց համար: Առաջնությանը մասնակցեցին 200-ից ավելի լողորդներ` Ռուսաստանից, Ղազախստանից և Թայլանդից: Հայաստանի Հանրապետությունը ներկայացավ մեկ մասնակցով: Մեր երկիրը պատվով ներկայացրեց տասնհինգամյա Մարգարիտա Հովակիմյանը (ՀՍՀԱՖ):

Առաջին անգամ հանդես գալով միջազգային մրցաշարում մեր լողորդուհին ստացավ միջազգային սպորտային դասակարգում` S6, SB5, SM6։ Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայից, Հովակիմյանը մրցեց չորս լողատարածություններում և բարձր պահեց երկրի պատիվը նվաճելով երկու արծաթե մեդալ։ Մարգարիտա Հովակիմյանը կատարեց նաև ՌԴ առաջին սպորտային կարգին համապատասխանող նորմատիվ։ Մեր լողորդուհուն «բրաս» լողաոճում ընդհամենը մեկ վայրկյան չբավականացրեց 2010թ. օգոստոսին Հոլանդիայում կայանալիք Աշխարհի առաջնության որակավորման մինիմում ստանդարտները լրացնելու համար։

Մարգարիտա Հովակիմյանի վաստակած միավորներով` թիմային հաշվարկով Հայաստանը Առաջնությունում զբաղեցրեց 18-րդ տեղը (24 թիմերից), իսկ Չեմպիոնատին՝ 22-րդը (31 թիմերից)։