15 ապրիլի 2010 - 14:43 AMT
Հայաստանի պետգնումների գործընթացում դրական միտումներ են արձանագրվել

2010 թվականի առաջին եռամսյակում մեկ անձից գնման ձևով կատարված գնումների ծավալը 2009 թվականի առաջին եռամսյակի հետ համեմատած նվազել է շուրջ 13 անգամ կամ 92%-ով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: "Սա Ֆինանսների նախարարության այն գործողությունն է, որը տվել է խիստ դրական արդյունք, որովհետև այս հարցում Ֆինանսների նախարարությունը հետևողական եղավ, մասնավորապես, գնումների ընթացակարգերի փոփոխությունը եղավ ֆինանսների նախարարության կողմից կատարված լուրջ միջոցառման արդյունք",- ասաց նա:

Կառավարության ղեկավարը նշեց նաեւ, որ պետության կարիքների համար 2009 թվականի ընթացքում մեկ անձի գնման ձևով կատարվել են 36 մլրդ դրամի գնումներ, որից առաջին եռամսյակում` շուրջ 16 մլրդ դրամի գնումներ: 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով մեկ անձի գնման ձևով կատարվել են 1.3 մլրդ դրամի գնումներ: