15 ապրիլի 2010 - 14:58 AMT
Ռիչարդ Կիրակոսյան. Բաքուն կարող է ձախողել հայ-թուրքական գործընթացը` պատերազմ սկսելով Ղարաբաղում

Բաքուն կարող է տապալել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկ քայլով` փոքր ռազմական գործողություն սկսելով Արցախի Հանրապետության դեմ: Այդ մասին Երևանում լրագրողներին է ասել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, ներկայումս համաշխարհային հանրությունը նույնպես զգում է պատերազմի վտանգը, որը հետո կարող է վերածվել լայնածավալ պատերազմի: “Ոչ Արևմուտքը, ոչ Արևելքը չեն ցանկանում, որ պատերազմ լինի: Ադրբեջանում գիտեն, որ եթե պատերազմ սկսեն, պարտվելու են: Սակայն, ցավոք, այդ երկրում որոշումները կայացնում են այնպիսի անգրագետներ, ինչպիսին է Սաֆար Աբիևը”,-ասել է Ռիչարդ Կիրակոսյանը:

Ըստ նրա, ռազմական գործողությունները Ղարաբաղի դեմ կարող են սկսվել ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում մի փոք միջադեպից: Փորձագետը նշել է, որ հայկական կողմը, հաշվի առնելով պատերամի վերսկսման վտանգը, միջոցներ է ձեռնարկում այն կանխելու համար: Մասնավորապես, մի կողմից, Հայաստանը ցույց է տալիս Բաքվին հայկական ԶՈւ հզորությունը, մյուս կողմից` հանգստացնում է Բաքվին` հայտարարելով, որ պատերազմի վերսկսման համար պատճառներ չկան:

Նա համոզվածություն է հայտնել, որ ռազմական գործողությունների վերսկսումը Ղարաբաղում ճանապարհ կհարթի հակամարտության գոտում ռուսական զորքերի տեղակայման համար, ինչը բացասական հետևանքներ կունենա Հայաստանի համար: “Ռուսաստանը մեծ փորձ ունի տարածաշրջանի սառեցված հակամարտությունների հարցում, իսկ Ղարաբաղն այն տարածաշրջններից մեկն է, որտեղ ռուսական զորքեր չկան, և դրա կարիքը չկա”,-ասել է փորձագետը: