20 ապրիլի 2010 - 13:05 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայոց ցեղասպանության թանգարանին կհանձնի Ցեղասպանության ականատեսների հիշողությունների 20 ժողովածու

Ապրիլի 22-ին ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կստեղծվի “Հիշատակի այգի”: Նախաձեռնությունը պատկանում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին, ՎիվաՍել-ՄՏՍ-ին և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

“Հիշատակի այգու”ստեղծման նպատակով Արևմտյան Հայաստանից բերվել է 95 տնկի, որոնք կտնկվեն Ծիծեռնակաբերդի տարածքում: Նախաձեռնությունը մեծապես կարևորվում է մեզ համար, քանի որ այն ուղղված է ոչ միայն սերունդների ճիշտ բնապահպանական դաստիարակությանը, այլ նաև ազգի պատմական հիշողության պահպանմանը”,-նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը ապրիլի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին ընդգծել է. “Յուրաքանչյուր հայի պարտքն է հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մասնակցությունն այս քարոզարշավին ընկերությունն իր պարտքն է համարում: Դրանից բացի, մենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կնվիրենք 20 հրատարակություն, որտեղ ընդգրկված են ականատեսների հիշողությունները` ինչպես հայերի, այնպես էլ Օսմանյան կայսրությունում գործող դիվանագետների հիշողությունները”:

“Ծիծեռնակաբերդը” զբաղեցնում է շուրջ 100 հա, ինչն ինքնին թելադրում է համալիրի կանաչ գոտին պահպանելու անհրաժեշտությունը: Նախատեսում ենք ծառերին փակցնել տեղեկատվական ցուցանակներ, որոնք կպատմեն այցելուներին Հայաստանի հարուստ բնաշխարհի մասին”,-հաղորդել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: