Ապրիլի 19-21-ին Եվրասիա միջազգային համալսարանում բարձր կուրսեցիների համար անցկացվում է եռօրյա սեմինար, որն անվանվել է “Բուհի առաջարկը` շուկայի պահանջարկը”, այն կազմակերպել է համալսարանի կարիերայի կենտրոնը:
Սեմինարի ընթացքում հանդես են եկել հասարակական կազմակերպությունների և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ, այդ թվում` քաղծառայողների միության նախագահ Մանվել Բադալյանը, “Նորք” տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը, CAPS-USID-ի ներկայացուցիչ Անուշ Շահվերդյանը և այլք:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը, ով ներկայացրել է այն բոլոր հմտությունները, որ համալսարանը տալիս է իր ուսանողներին` նրանց կրթության և աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխանելու համար:
Ելույթ ունեցողներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր կազմակերպության գործունեությունը և այն պահանջները, որոնք առաջադրվում են այդ կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու համար: Նրանք ընդգծել են կամավոր աշխատանքի դերի կարևորությունը, որը երիտասարդ մասնագետներին շատ է օգնում համապատասխան հմտություն ձեռք բերելու գործում: