21 ապրիլի 2010 - 15:07 AMT
Ռուբեն Բաբայան. Այսօրվա հայկական դպրոցների հիմնական թերությունն այն է, որ դրանք չեն պատրաստում գրագետ կադրեր

“Ես դեմ եմ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը: Այդ դպրոցները լիովին շեղում են մեզ մեր ազգային արժեքներից, առաջին պլան մղելով այլ ժողովրդների և երկրների ազգային արժեքները”,-հայտարարել է Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության առաջարկությանը ՀՀ “Լեզվի մասին” 1993թ. օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որի համաձայն Հայաստանում փակվեցին օտարալեզու դպրոցները: Առաջարկվող փոփոխություններից հետո Հայաստանում կրկին կսկսեն գործել օտարալեզու դպրոցներ:

Սակայն, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հակադարձեց. “Ես սովորել եմ ռուսական դպրոցում և գերազանց գիտեմ, օրինակ, Հայաստանի պատմությունը”: Նա հավելել է, որ ուսուցումը ռուսական դպրոցում չզրկեց իրեն ազգային ինքնագիտակցությունից: Նա ընդգծեց, որ կողմ է օպարալեզու դպրոցների բացմանը Հայաստանում, սակայն միայն մի քանիսի և որակյալների: “Մի կարծեք, թե օտարազգի պրոֆեսորները հերթ են կանգնել Հայաստանում դասավանդելու համար, ուստի օտարալեզու դպրոցների քանակը չի կարող մեծ լինել, իմ փորձի վրա ես համոզվեցի, որ ռուսական, անգլիական կամ գերմանական դպրոցի շրջանավարտի մտահորիզոնն ավելի լայն է, քան հայկական դպրոցի շրջանավարտինը”,-ասել է օմբուդսմենը:

Նա հավելել է նաև, որ այժմ Հայաստանում շատ սուր է կանգնած դասագրքերի հարցը, որոնց որակն անբավարար է: “Ես չեղյալ կհայտարարեի պատմության դասագրքերը և նորերը կգրեի: Ես կարդում եմ իմ դստեր դասագրքում, որ հայկական գիտությունը ծագել է 5-րդ դարում: Իսկ ո՞ւր մնաց նախորդ հազարամյակի հայկական գիտությունը: Մարդիկ իրենց են վերագրում գոյություն չունեցող նվաճումներ, իսկ մենք թաքցնում ենք այն, ինչ ունենք”:

Նա հավելել է նաև, որ չի ասում, թե հարկավոր է վերացնել հայկական դպրոցները, այլ միայն, որ հարկավոր է լավագույնը վերցնել եվրոպական կրթական համակարգից և բարելավել մեր համակարգը: “Դպրոցների հարցն այսօրվա դրությամբ առաջնային է, քանի որ, եթե նախկինում դպրոցները լինեին պատշաճ մակարդակի վրա, ապա քաղաքական իրավիճակն երկրում այլ կլիներ”,-ասել է Ա.Հարությունյանը:

“Ես դեմ չեն օտար լեզուների թեքումով դպրոցների բացմանը, սակայն ես դեմ եմ օտարալեզու դպրոցների գոյությանը: Այսօրվա հայկական դպրոցների հիմնական թերությունն այն է, որ դրանք չեն պատրաստում գրագետ կադրեր: Լինելով Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դասախոս, ես շատ սուր եմ զգում այդ թերությունը”,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուբեն Բաբայանը: