
Հայ-թուրքական մերձեցումը որևէ դրական արդյունք չի տվել: Այս մասին PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքերի համաձայն, ՀՀ ղեկավարությունը այդ գործընթացից շատ դրական տեղաշարժեր էր սպասում, որոնք այդպես էլ չկան:
“Հայ-թուրքական մերձեցման գործընթացը մեր պետության համար շատ բարդություններ է ստեղծել: Օրինակ` այդ գործընթացը կարող է սեպ խրել Հայաստանի ու սփյուռքի միջև”, - ընդգծել է “Ժառանգություն” կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նկատել է, որ հայ-թուրքական մերձեցման ընթացքում Հայաստանը միակողմանի զիջումների է գնացել, քանի որ համաձայնել է ճանաչել Թուրքիայի սահմանը և թուրքական կողմին առիթ է տվել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը կապել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:
“Հայ-թուրքական գործընթացում հնարավոր չէ արձանագրել դրական արդյունքներ, քանի որ արձանագրությունների վերջնական նպատակը, այսինքն` հայ-թուրքական սահմանի բացումը չի իրականացվել”, - ասել է նա, ավելացնելով, որ այդ արձանագրություններով հնարավոր չէ բացել սահմանը: Նա նաև նշել է, որ արձանագրությունների վավերացումը մտել է փակուղի: