"Ես կարծում եմ, որ Հայաստանի նախագահը հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում կհայտարարի, որ Հայաստանը սառեցնում է հայ-թուրքական գործընթացը",- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Անդրադառնալով Հայաստանի Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության հայտարարությանն այն մասին, որ հայ-թուրքական գործընթացն անհրաժեշտ է սառեցնել, հայ փորձագետն ասաց, որ այդ քայլը կարելի է դիտարկել որպես ճնշում Թուրքիայի հանդեպ այն հարցում, որ երկրների միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց որևէ նախապայմանների: Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում երկրի դիրքորոշումը պարզ է: "Այժմ Թուրքիայի հերթն է, նա պետք է ապացուցի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունը",- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: