"Ես կարծում եմ, որ Թուրքիան բաց թողեց ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, այլև քաղաքակիրթ պետություն դառնալու շանսը",- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: "Մենք ստիպված ենք արձանագրել, որ Թուրքիան նույնպիսին է, ինչպիսին հարյուր տարի առաջ էր",- ասել է Զոհրաբյանը: Նրա խոսքով, կարգավորման գործընթացում Հայաստանը ոչ մի կանոն չի խախտել և միշտ հայտարարել է Արձանագրությունները վավերացնելու իր պատրաստակամության մասին այն բանից հետո, երբ դա կանի Թուրքիայի խորհրդարանը:
Անդրադառնալով Հայաստանի Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության հայտարարությանը` Զոհրաբյանն ասել է, որ դա ամենաճիշտ քայլն էր կոալիցիայի կողմից: "Կոալիցիայի հայտարարությունն ազդանշան է Թուրքիայի համար. երկիրը պետք է կողմնորոշվի, թե որտեղ է ցանկանում ապրել` 21-րդ դարում, թե միջնադարում",- ընդգծել է նա: