Հայաստանի գլխավոր ձեռքբերումը վերջին ժամանակներում այն էր, որ Երևանը Թուրքիային թույլ չի տվել Հայոց ցեղասպանության հարցը դարձնել երկկողմանի հարաբերությունների քննարկման առարկա: Այս մասին Երևանում լրագրողներին հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
“Անկարայի երազանքը չիրականացավ: Նա չկարողացավ Հայոց ցեղասպանության հարցը ընդգրկել Հայաստանի և Թուրքիայի միջև քննարկումների օրակարգում”: Նրա խոսքերի համաձայն, 95 տարվա ընթացքում հայ ժողովուրդը մեծ արդյունքների է հասել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:
“Այսօր Հայոց ցեղասպանության հարցը միայն հայ ժողովրդի հիմնախնդիրը չէ: Այն ողջ մարդկությանն է վերաբերում: Մենք չպետք է թույլ տանք, որ Թուրքիան այդ հարցն օգտագործի իր նպատակների համար: Ցեղասպանության հարցը միավորում է հայ ժողովրդին ազգային այլ խնդիրների շուրջ”, - ասել է Ռուստամյանը` ավելացնելով, որ Ցեղասպանության ընդունման հարցը ինքնանպատակ չէ: