29 ապրիլի 2010 - 10:17 AMT
Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2010թ. առաջին եռամսյակում աճել են 17.4 %-ով

2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 164.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 170.1 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 107.2 և 90.5 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 22.6%-ով, ծախսերի գծով` 19.9%-ով: Այդ մասին ասվում է Հայաստանի Ֆինանսների նախարարության կողմից պատրաստված 2010 թվականի առաջին եռամսյակում պետբյուջեի կատարման ամփոփ նկարագրում:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 17.4%-ով կամ 24.3 մլրդ դրամով: Ընդ որում, 19.6%-ով 25.1 մլրդ դրամով ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 9.4%-ով կամ 859.1 մլն դրամով` այլ եկամուտները: Միևնույն ժամանակ պաշտոնական դրամաշնորհների գծով մուտքերը նվազել են 68.2%-ով կամ 1.7 մլրդ դրամով:

Պետական բյուջեի եկամուտների 93.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.1%-ը` այլ եկամուտների, 0.5%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2010 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են շուրջ 127.1 մլրդ դրամ և ապահովել 108% կատարողական:

2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 10.9%-ով կամ 16.7 մլրդ դրամով: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 10.9%-ով կամ 16.7 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի, դրամաշնորհների, պետական պարտքի սպասարկման և նպաստների ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ: