Հայաստանում առաջին անգամ կներմուծվի "ուղևորների ապահովագրում" հասկացությունը, այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը: "Մենք համապատասխան պայմանավորվածություն ունենք հայկական "Ռոսգոսստրախ-Հայաստան" ընկերության հետ: Նրանք սկզբունքորեն իրենց վրա են վերցնում վնասների հատուցման ու համապատասխան աշխատանքի բոլոր ռիսկերը",- ասաց նա:
Բացի դրանից ՀԿԵՈՒ ղեկավարը հաղորդեց, որ Հայաստանի քաղաքների մերձակայքում 11 էլեկտրագնացքներ կերթևեկեն: "Օրական 4 անգամ 4 ժամ 30 րոպե պարբերականությամբ կընթանա Երևան-Արմավիր-Երևան գնացքը` 57 րոպե ճանապարհի ընդհանուր ժամանակով, օրական 2 անգամ` Երևան-Արարատ-Երևան գնացքը` 50 րոպե ճանապարհի ընդհանուր ժամանակով",- նշեց նա:
Շևկետ Շայդուլինն ասաց նաև, որ մայիսի 30-ից ամառային ժամանակացույցին անցնելուց հետո Հայաստանում կսկսի երթևեկել արագացված Երևան-Գյումրի երկկողմանի գնացքը: Նա ճշտեց նաև, որ Երևանից գնացքը կմեկնի 18:00-ին, իսկ Գյումրիից` 8:00-ին, ընդ որում` ճանապարհի ժամանակը կկազմի 3 ժամ 13 րոպե` ներառյալ կանգառները:
ՀԿԵՈՒ գլխավոր տնօրենի խոսքով, գնացքների տոմսերի արժեքն ընդունելի է ինչպես ժամանակի, այնպես էլ արագության տեսակետից, ինչը թույլ կտա մրցակցել ավտոմոբիլային տրանսպորտի հետ: