
Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (FAAE) բաց նամակ է ուղարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես ասվում է. “մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ սփյուռքի հետ սկսած երկխոսության համար: Մենք բարձր ենք գնահատում Ձեր ելույթները Chatham House-ում, Դեր Զորում, Վաշինգտոնում, երախտագիտություն ենք հայտնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման ներկա փուլի կասեցման մասին Ձեր ճիշտ որոշման համար”:
FAAE կարծիքով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում Հայկական կողմը միայն կորուստ ունեցավ սկսված հայ-թուրքական հարաբերությունների պատճառով:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ֆորումն ընդգծում է, որ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները Եվրոպայում սկսել են մեծամասշտաբ գործողություն` Մադրիդյան սկզբունքների առաջխաղացման ուղղությամբ, ինչն ապացուցում է, որ այդ վերափոխված տարբերակը հայկական կողմի համար վտանգ է ներկայացնում:
Հայկական սփյուռքը միավորելու համար ֆորումն առաջարկում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հավաքագրել արտասահմանում գործող հայկական սփյուռքի բոլոր ուժերը: