30 ապրիլի 2010 - 12:39 AMT
ԼՂՀ նախագահի մոտ քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքներին առնչվող հարցեր

Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերն են քննարկվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին ներկա էր ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությունը` կառույցի ղեկավար Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ:

Խորհրդակցությանը զեկուցումներով հանդես են եկել Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը և հանրապետության վարչապետի խորհրդական Դմիտրի Ատբաշյանը:

Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել իրականացվող աշխատանքների տեմպերի կապակցությամբ և ընդգծել, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ նման ընթացքը պահպանելու համար:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: