ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ապրիլի 29-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի անվտանգության բարձրագույն ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի և Ֆրանսիայի աուդիտորների ազգային ասոցիացիայի դասընթացների մասնակիցների պատվիրակությանը: Ֆրանսիական պատվիրակության կազմում էին պաշտոնյաներ, քաղաքապետներ, ոստիկանության և պաշտպանության ոլորտների բարձրաստիճան սպաներ, լրագրողներ, փաստաբաններ, բժիշկներ: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:
Ա. Գևորգյանը ողջունեց հյուրերին Հայաստան այցի կապակցությամբ և նշեց այն ջերմ բարեկամական հարաբերությունների մասին, որոնք գոյություն ունեն երկու պետությունների և ժողովուրդների միջև:
Հյուրերի խնդրանքով փոխվարչապետը տեղեկություններ հաղորդեց Հայաստանի վարչատարածքային կառուցվածքի, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համակարգերի մասին: Նա պատասխանեց նաև հյուրերի բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին ՏԻ մարմինների լիազորություններին, իրավունքներին ու պարտականություններին, համայնքի ղեկավար մարմինների ընտրության մեխանիզմներին և այլն:
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի աուդիտորների ազգային ասոցիացիայի նախագահ Քրիստիան Ֆրեմոն Արմեն Գևորգյանին է հանձնել ասոցիացիայի հուշամեդալը: