30 ապրիլի 2010 - 17:33 AMT
Երևանում տեղի կունենա “Բարեգործական սպորտային մղոն” միջոցառումը

Մայիսի 2-ին 50 հոգի, ներառյալ Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլին, “Բարեգործական սպորտային մղոն” ծրագրի շրջանակներում կքայլեն, կվազեն և սայլակներով կանցնեն 1,6 կմ Մատենադարանից մինչև Հանրապետության Հրապարակ: Միջոցառման նպատակն է` Հայաստանի Պարաօլիմպիական կոմիտեի համար դրամահավաքը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից:

“Բարեգործական սպորտային մղոն” (Sport Relief Mile) ակցիայի անցկացման գաղափարը պատկանում է “Comic Relief” բրիտանական բարեգործական ընկերությանը: Նման ակցիային, որը 2010-ին կայացել է Մեծ Բրիտանիայում, մասնակցել է կես միլիոն մարդ:

2010-ին “Բարեգործական սպորտային մղոն” ակցիան Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն անցկացնելու է աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանում այն կազմակերպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, Բրիտանական խորհուրդը և Հայաստանի Պարաօլիմպիական կոմիտեն:

Չարլզ Լոնսդեյլի խոսքերով, “Sport Relief Mile”-ն ամենամեծ բարեգործական ծրագիրն է Մեծ Բրիտանիայում: “Ուրախ ենք տեսնել բոլորին, ով պատրաստ է օգնել Հայաստանի Պարաօլիմպիական կոմիտեին: 2012-ին Լոնդոնում տեղի են ունենալու Օլիմպիական և Պարաօլիմպիական խաղեր, և մենք ցանկանում ենք մեր ավանդն ունենալ, որպեսզի փոխենք պատկերացումները սպորտի մասին”,- ասել է Լոնսդեյլը: