Ապրիլի 30-ին տեղի ունեցավ ՀՀ դատախազության դպրոցի «Համակարգչային վերապատրաստման կենտրոնիե բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Համակարգչային վերապատրաստման կենտրոնը նախատեսված է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների, դատավորների, սահմանապահների, մաքսային ծառայությունների և այլ պատկան գերատեսչությունների աշխատակիցների մասնագիտական հմտությունների և գիտելիքների վերապատրաստման համար:
Կենտրոնի ստեղծումն իրականացվել է ՄԱԶԾ «Թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագիր. օժանդակություն կարողությունների զարգացմանը և աջակցություն տուժածներինե ծրագրի շրջանակներում, որի հիմնադրման համար ընտրվել է ՀՀ դատախազության դպրոցը:
Կենտրոնը հագեցած է մի շարք կրթական ծրագրերով հարուստ ամփոփ փաթեթով, որը օգտակար է թմրանյութերի և մարդկանց թրաֆիքինգի, փողերի լվացման ու անդրազգային այլ հանցավորությունների դեմ պայքարում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:
Դիմելով բացման արարողության մասնակիցներին` ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Դաֆինա Գերչևան ասաց. «Թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի իրավապահներին աջակցելու նպատակով, ՄԱԶԾ-ն UNODC-ի հետ համատեղ ներդրեց այս ժամանակակից համակարգչային ինտերակտիվ վերապատրաստման ծրագիրը, որի միջոցով իրավապահ մարմինները և բոլոր համապատասխան գերատեսչությունների աշխատակիցները հնարավորություն կունենան ձեռք բերելու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ներկայումս առկա լավագույն փորձն ու գիտելիքները:
Մասնավորապես, վերապատրաստման ծրագրում ներկայացված թրաֆիքինգի վիրտուալ օրինակների միջոցով ծրագիրը նպաստում է համապատասխան մարմինների կարողությունների զարգացմանը` թրաֆիքինգի դեմ պայքարում իրենց լիազորությունների սահմաններում աշխատանքների կազմակերպմանը”:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, շնորհակալություն հայտնելով ցուցաբերված աջակցության համար, կարևորեց իրավապահ համակարգի աշխատակիցների վերապատրաստման և միջազգային փորձին հաղորդակից լինելու հանգամանքը: