26 հոկտեմբերի 2001 - 23:29 AMT
ՌՈՒԴՈԼՖ ՓԵՐԻՆԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է, ՈՐ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փարիզյան սկզբունքները իրականում գոյություն ունեն: Սա գլխավոր եզրակացությունն է, որին հանգել են Բաքվի մի քանի թերթերի լրագրողները տարածաշրջանում ճանաչողական այցվ գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինայի հետ «նեղ շրջանակում» կայացած զրույցից հետո: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ղեկավարությունը կտրականապես հերքում է այս տարվա հունվարին Փարիզում կայացած նախագահներ Ալիեւի ու Քոչարյանի հանդիպման արդյունքում որեւիցե պայմանավորվածությունների առկայությունը: Երեւանն ու Ստեփանակերտը, ի տարբերություն Բաքվի, այսօր էլ հաստատում են իրենց պատրաստականությունը որոնելու ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը Փարիզում ընդունված որոշումների հիման վրա: Բաքվի մամուլը սենսացիոն անվանեց Փերինայի հայտարարությունը այն մասին, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում իրոք ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Համանախագահը նաեւ հասկացնել տվեց, որ միջնորդները մտադիր չեն հրաժարվել փարիզյան սկզբունքներից: «Փարիզում ու Քի Վեսթում ձեռք բերված սկզբունքների միջեւ հակասություններ չկան: Ես համարում եմ, որ տեսանելի առաջընթաց էր եձռք բերվել, եւ մենք մտադիր ենք այն զարգացնել: Այդ հարցը քննարկվելու է համանախագահների Լիսաբոնի առաջիկա հանդիպման ժամանակ»: Փերինայի այս խոսքերից, որոնք մեջբերում է Բաքվի «Զերկալո» թերթը, պարզ է, որ փարիզյան սկզբունքները մնում են օրակարգում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: