FIDE-ն (Միջազգային շախմատային ֆեդերացիա) հրապարակել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ու շախմատիստուհիների անունները ըստ մինչև այս տարվա մայիս ամիսը ձեռք բերած արդյունքների:
Տղամարդկանց ցուցակում առաջատարների հնգյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել: Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2783 միավորով 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: 2813 միավորով մրցաշարային սանդղակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա): Վեսելին Տոպալովը (Բուլղարիա) 2-րդ տեղում է, նա Կարլսենին միայն մեկ միավորով է զիջում: Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) 3-րդ տեղում է, իսկ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը` 4-րդ:
Տղամարդկանց վարկանիշային սանդղակում ևս երկու հայ շախմատիստներ են ներկայացված: Վլադիմիր Հակոբյանը (2694) 43-րդ տեղում է, իսկ Գաբրիել Սարգսյանը (2677) երկու հորիզոնականով իջել է և 55-րդ տեղն է զբաղեցնում:
Կանանց վարկանիշային սանդղակում հայ շախմատիստուհիներից բարձր տեղ է զբաղեցնում Լիլիթ Մկրտչյանը, նա 13 հորիզոնականով իջել է և 2477 միավորով 26-րդն է: Էլինա Դանիելյանը (2473) իջել է 11 հորիզոնականով և 29-րդ տեղն է զբաղեցնում: Լիլիթ Գալոյանը (2402), հակառակը, 22 հորիզոնականով բարձրացել է և այժմ 66-րդն է: Առաջին տեղում Յուդիթ Պոլգարն է (Հունգարիա), Գումպի Կորնեուն (Հնդկաստան) 2-րդ տեղում է, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Յիֆան Խոուն (Չինաստան):