Ապրիլի 28-ից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է նոր ծառայություն` անհատական պահատեղերի վարձակալում` արժեքավոր ապրանքների և փաստաթղթերի ապահով պահպանման նպատակով: Պահատեղերը կարող են վարձակալել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` իրավաբանական անձիք: Բանկն առաջարկում է չորս չափսերի պահատեղեր: Վարձակալության ժամկետը` սկսած մեկ օրից մինչև մեկ տարի: Փոքր չափսի պահատեղի մեկ օրվա վարձավճարը կազմում է 1000 ՀՀ դրամ: Ամենամեծ պահատեղի գինը օրեկան կազմում է 2500 ՀՀ դրամ:
Կախված պահպանման ժամկետից` գործում է նաև վճարման ճկուն սանդղակ. որքան երկար է ժամկետը, այնքան փոքր է օրեկան վարձավճարը: Արժեքավոր իրերի հետ աշխատելու համար Բանկը հաճախորդին տրամադրում է առանձին հարմարավետ տարածք` առանց տեսախցիկի վերահսկողության և ապահովված բարձր կոնֆիդենցիալությամբ:
Բանկի պահատեղերը հագեցած են ժամանակակից պաշտպանական համակարգերով, որոնք հնարավորություն են տալիս ապահովելու լիարժեք անվտանգություն և կոնֆիդենցիալություն: Բանկի կողմից նաև նախատեսվում է երրորդ անձանց կողմից անհատական պահատեղերի օգտագործման հնարավորություն: