4 մայիսի 2010 - 19:12 AMT
Մառնեուլի-Շուլավերի հատվածում Թբիլիսի-Երևան ուղևորատար գնացքը քարկոծել են

Մայիսի 3-ին, մոտավորապես ժամը 18.00-ին Մառնեուլի-Շուլավերի հատվածում գյուղի անչափահասների մի խումբ քարկոծել է Թբիլիսի-Երևան ուղևորատար գնացքը, հաղորդում է «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամլո ծառայությունը: Ուղևորներից ոչ ոք չի տուժել, կոտրվել է ընդամենը վագոնի երկու ապակի:

Գնացքի պետ Պավել Միրզոյանը միջադեպի մասին անմիջապես հաղորդել է Վրաստանի երկաթուղու համապատասխան ծառայությանը: Վրացական կողմի ներկայացուցիչները դեպքի վայր հասնելով, ակտ են կազմել: Նրանք պաշտոնապես ներողություն են խնդրել և վստահեցրել են, որ վնասը կհատուցվի:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Վրաստանի ոստիկանության իրավապահ մարմինները փաստի առնչությամբ հետաքննություն են կատարում: