5 մայիսի 2010 - 21:17 AMT
Մայիսի 4-ին կայացած գալա-համերգով պաշտոնապես սկսվեց Վրաստանում հայ մշակույթի հանդիսաշարը

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մայիսի 4-ին կայացած գալա-համերգով պաշտոնապես սկսվեց Վրաստանում հայ մշակույթի հանդիսաշարը, որի կազմակերպիչներն են երկու երկրների մշակութային գերատեսչությունները` Վրաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Գալա-համերգին նախորդեցին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի, Թբիլիսիի քաղաքային խորհրդի` Սակրեբուլոյի նախագահ Զաալ Սամադաշվիլու, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի, Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի փոխնախարար Գեորգի Չալաձեի ելույթները: Հանդիսատեսները ջերմորեն ողջունեցին Արամ Խաչատրյանի անվան քառյակի, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային պարախմբի, Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները:

Նախորդ օրը` մայիսի 3-ին, Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ու Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի փոխնախարար Դավիթ Քիրիան ընդգծեցին մշակութային փոխգործակցության և փոխայցելությունների կարևորությունը հայ-վրացական մշակութային դարավոր ավանդույթների պահպանման, արդյունավետ համագործակցության զարգացման գործում:

Նույն օրը Թբիլիսիի Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան քառյակի համերգը, իսկ Ա. Քութաթելաձեի անվան գեղարվեստի ակադեմիայում բացվեց Զավեն Սարգսյանի` «Հայաստանի պատմամշակութային հուշարձանները» խորագիրը կրող ցուցահանդեսը: Երեկոյան Թբիլիսիի` Պետրոս Ադամյանի անվան թատրոնում մեկնարկեց «դարավոր բարեկամության ճամփաներով» թատերական փառատոնը:

Մայիսի 4-ին Թբիլիսիի Ի. Գրիշաշվիլու անվան պատմության թանգարանում բացվեց հայ նկարչուհի, դիզայներ Արևիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը: Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հանդիսավորությամբ բացվեց հանրահայտ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի հուշատախտակը: Ռուսթավելու անվան պողոտայում Վրաստանում Հայաստանի դեսպանության, Թբիլիսիի քաղաքապետարանի և Վրաստանի շախմատի ֆեդերացիայի ջանքերով բացվեց ևս մի հուշատախտակ` նվիրված շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Բազմաթիվ թբիլիսցիներ հնարավորություն ունեցան մասնակցելու վիրահայ նկարիչների «АРТ МОСТ» գեղանկարչական ցուցահանդեսին, դիտեցին Թբիլիսիի` Պետրոս Ադամյանի անվան թատրոնի «Ավերակների պահակը» ներկայացումը:

Մայիսի 5-ին ՀՀ պատվիրակության անդամները այցելեցին Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն, հանդիպումներ ունեցան Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Վրաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցների հետ: Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԳ նախարարության մամլո ծառայությունը: