Հայաստանը բոլոր հիմքերն ունի` ոչ միայն ապահովելու մեր երկրի էներգետիկ ինքնաբավությունը, այլև` էլեկտրաէներգիա արտահանելու համար, ինչը Հայաստանի տնտեսության համար չափազանց կարևոր նշանակություն ունի: Այդ մասին ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի մայիսի 6-ին գումարված անդրանիկ նիստում:
Կարևորելով էներգետիկ անվտանգությունը` որպես մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ էներգետիկ անվտանգության հայեցակարգի հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանի էներգետիկ ինքնաբավության մակարդակի ապահովումը թե' կարճաժամկետ, թե' երկարաժամկետ հեռանկարում:
«Եվրոպական երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այսօր երկու ուղղությամբ է զարգանում` էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրերի և էլեկտրաէներգիայի արտադրության խնայողության արդյունավետ ռեժիմների սահմանման միջոցով: Մենք պետք է կարողանանք միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելով` մեր երկրում ներդնել էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:
Նիստում որոշվել է մեկ ամսվա ընթացքում ավարտել փաստաթղթի հայեցակարգային դրույթների մշակումը և մինչև հոկտեմբեր փաստաթուղթը ներկայացնել հաստատման: