7 մայիսի 2010 - 17:16 AMT
Հայ-թուրքական արձանագրությունները բարդացրին Հայ դատի հանձնախմբերի աշխատանքը

Ողջ աշխարհի Հայ դատի հանձնախմբերի օրակարգում ներառվել են մի շարք առաջնայնություններ, ուղղված հայ պետականության և հայկական գործոնի ամրապնդմանը ողջ աշխարհում; Այդ մասին հայտարարել է Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը: «Հայ դատի հանձնախմբերն աշխարհում աշխատում են հիմնականում չորս ուղղությամբ: Առաջին ուղղությունը Հայաստանի ու ԼՂՀ-ի զարգացումն է, ՀՀ միջազգային վարկի բարձրացումը: Երկրորդը` հայկական հողերի հարցն է: Երրորդը` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խթանումն է: Չորրորդը` հայ ժողովրդի միավորումն է որպես աշխարհում միասնական քաղաքական գործոնի»,-ասել է Տեր-Խաչատրյանը: Ըստ նրա, հարկավոր է քայլեր ձեռնարկել` հակազդելու համար թուրքական և ադրբեջանական հակահայկական լոբբիին աշխարհում:

Ըստ Տեր-Խաչատրյանի, չնայած պաշտոնական Երևանի հայտարարություններին, Հայ-թուրքական կարգավորման մասին արձանագրությունները վնասեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և բարդացրին Հայ դատի հանձնախմբերի աշխատանքը: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց Թուրքիայի մերձեցման վրա արաբական աշխարհի երկրների հետ`նշելով, որ այժմ արաբական երկրներում ևս բարդացավ Ցեղասպանության ճանաչման հարցը:

Ելնելով դրանից, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահն ասել է, որ հարկավոր է աշխատանք տանել թուրք այլախոհ մտավորականների հետ, որոնց կարծիքը Հայոց ցեղասպանության հարցում տարբերվում է պաշտոնական թուրքական տեսակետից, ինչպես նաև միջազգային վերլուծական կենտրոնների և կառույցների հետ: