7 մայիսի 2010 - 22:01 AMT
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Հորդանան

Մինչ Հորդանանի հայ համայնքի հետ հանդիպումը նախարար Հ. Հակոբյանն այցելել է Քրիստոսի մկրտության վայրում կառուցվող հայկական եկեղեցի: Հորդանանի իշխանությունների որոշմամբ Հովհաննես Մկրտչի կողմից Քրիստոսին մկրտելու վայրում կառուցվում է տասնվեց քրիստոնեական եկեղեցի, այդ թվում նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցի: Հայկական եկեղեցին կառուցվում է ֆրանսահայ բժիշկ Կարո Կարապետյանի միջոցներով:

Հրանուշ Հակոբյանն այցելել է Ամմանում գործող Գալուստ Գյուլբենկյան վարժարան, հանդիպել է վարժարանի ուսուցչական կազմի և աշակերտների հետ: Նախարարը ներկա է գտնվել աշակերտների պատրաստած միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստանին և հաղթանակի օրվան:

Այնուհետև Հ. Հակոբյանն այցելել է Ամմանի առաջնորդարան, որից հետո հանդիպել է հայ համայնքի ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-սփյուռք գործակցության ամրապնդման հետ կապված հարցեր: Նախարար Հ. Հակոբյանը Հորդանանի հայկական մշակութային կենտրոնում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում նա ընդարձակ ելույթ է ունեցել և պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերմանը, Հայաստանում սփյուռքահայ գործարարների տնտեսական գործունեությանը, մաքսային և հարկային պարտավորություններին և այլն:

Հ. Հակոբյանը հայ համայնքի անդամներին և Գ.Գյուլբենկյան վարժարանին է նվիրել ՀՀ սփյուռքի նախարարության հրատարակած գրքերից, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: