11 մայիսի 2010 - 21:08 AMT
Անկարան չպետք է ստորագրեր արձանագրությունները` ցանկալին իրականություն համարելով

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացում Թուրքիան դրսևորեց քաղաքական միամտություն` ցանկալին իրականություն համարելով: Այս մասին ասել է Հայ-թուրքական համաձայնեցման հանձնաժողովի ամերիկացի փորձագետ Դևիդ Ֆիլիպսը:

«Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիան գործում էր հիմնվելով ենթադրությունների վրա: Առաջին ենթադրությունն այն էր, որ հայ-թուրքական հաշտեցումը խթանում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը», - ասել է Դ. Ֆիլիպսը:

Անկարայի երկրորդ ենթադրությունն այն էր, որ հայ-թուրքական հաշտեցմա շնորհիվ վերջ կդրվեր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին: Փորձագետը համոզվածություն հայտնեց, որ Թուրքիայի սպասումներն այս հարցերում ընդամենը փորձ էր ցանկալին իրականություն համարելու:

«Ես չեմ հասկանում, թե Թուրքիան ինչ շահ կարող է ունենալ արձանագրությունները ստորագրելով: Թուրքական կառավարությունը կարող է կորցնել ընտրողների աջակցությունը, եթե ընտրություններից առաջ ստորագրի այդ փաստաթուղթը», - նշել է Դևիդ Ֆիլիպսը, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը: