12 մայիսի 2010 - 18:29 AMT
Մայիսի 15-ին Երևանում կհնչեն Գարի Քյոսայանի ստեղծագործությունները

Մայիսի 15-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ, որտեղ առաջին անգամ կհնչեն կոմպոզիտոր Գարի Քյոսայանի ստեղծագործությունները: Համերգին ներկայացվելու են կոմպոզիտորի ջազ-ստեղծագործությունները, դասական կոմպոզիցիաները, ինչպես նաև Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի թատերական բեմականացման համար գրված սիմֆոնիան: Կոմպոզիտորի հետ ելույթ կունենա Պետական երիտասարդական նվագախումբը գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Որպես հատուկ հյուր համերգին հրավիրված է ամերիկացի երգչուհի Ինդեան, որը բազմիցս հիացրել է հայ հանդիսատեսին ջազի կատարման իր արվեստով:

Ինչպես նշել է ամերիկյան «Լոս Անջելես Թայմս» թերթը, Գարի Քյոսայանի երաժշտությունը թարմ շունչ է ջազի մեջ: Նա օգտագործում է նոր հարմոնիկ լուծումներ և նորահայտ մեթոդներ: Նրա երաժշտությունն ունկնդրին հաղորդակից է դարձնում գեղեցիկին և հավերժին` մնալով միշտ թարմ և նոր: Գարի Քյոսայանի առաջին «Քեզ համար» ալբոմը, որը թողարկվել է 1998-ին, դարձել է տարվա լավագույն ջազային ալբոմը, իսկ կոմպոզիտորը` ԱՄՆ լավագույն ջազ երաժիշտը: Սա նրա առաջին համերգն է դասական համերգների շարքից` կազմակերպված «Յունիբանկի» կողմից: Ակցիայի գլխավոր նպատակը հայ կոմպոզիտորների և կատարողների ելույթները կազմակերպելուն աջակցելն է, ինչպես նաև երիտասարդության մեջ դասական երաժշտությունն ընդունված դարձնելուն նպաստելը: