13 մայիսի 2010 - 10:57 AMT
Էկոնոմիկային նվիրված միջազգային խորհրդաժողով տեղի կունենա ՌՀՀ-ում

Մայիսի 13-ին Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում (ՌՀՀ) մեկնարկում է Էկոնոմիկային նվիրված միջազգային խորհրդաժողովը, որի կազմակերպիչն է ՌՀՀ-ն Ստոկհոլմի էկոնոմիկայի դպրոցի հետ համատեղ:

Ըստ ՌՀՀ մամլո ծառայության, խորհրդաժողովը կանցնի երկու` «Մոնետար քաղաքականության և ֆինանսական հատվածի կանոնակարգման ոլորտի խնդիրները գլոբալ ֆինանսական ճգնաժամի համատեքստում» և «Կրթության համակարգի դերը անցումային տնտեսության մեջ» թեմաներով:

Խորհրդաժողովին կմասնակցեն պրոֆեսորներ Գունար Լյունգդալը և Մորտեն Հանսենը Ռիգայում գտնվող Ստոկհոլմի էկոնոմիկայի դպրոցից: Խորհրդաժողովին կմասնակցեն նաև ՌՀՀ ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, համալսարանի պրոռեկտոր, ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու մյուսները: