13 մայիսի 2010 - 12:10 AMT
ՀՀ փոխվարչապետն ու ՀԲ փորձագետները քննարկել են առողջապահություն ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող առողջապահական ծրագրերի թիմի պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Փոխվարչապետին ներկայացվեց ՙԱռողջապահական համակարգի արդիականացում՚ վարկային առաջին եւ երկրորդ ծրագրերի ընթացքն ու նախատեսվող նոր ծրագրի հետ կապված հարցեր: Նշվեց, որ առաջին ծրագիրն արդեն ավարտին է մոտենում եւ ընդգծվեց, որ ծրագրերում ընդգրկված հիվանդանոցների ընտրությունը ճիշտ է կատարվել թե ֆունկցիոնալ, թե աշխարհագրական դիրքի առումով:

Երկուստեք գոհունակություն հայտնվեց կատարված աշխատանքների որակից եւ կարեւորվեց մարզերում որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման ապահովումը, ինչը բխում է տարածքների համաչափ զարգացման տրամաբանությունից:

Նշվեց, որ նոր` ՙԱռողջապահական համակարգի արդիականցման ծրագրի հավելյալ ֆինանսավորման ծրագիր՚-ը նախորդ երկուսի տրամաբանական շարունակությունն է, որով նախատեսվում է մարզային մի շարք հիվանդանոցների վերազինում, Աբովյանի եւ Ալավերդու հիվանդանոցների վերանորոգում ու վերազինում, Մեղրիում նոր հիվանդանոցի կառուցում: ՀԲ թիմին հետաքրքրում էր փոխվարչապետի տեսակետը ընտրված բուժհաստատությունների, ինչպես նաեւ Սյունիքի մարզում բուժծառայությունների մատուցման կազմակերպման վերաբերյալ:

Ա. Գեւորգյանն առաջարկեց նոր ծրագրում ընդգրկել նաեւ Կապանի հիվանդանոցը` հաշվի առնելով մարզի բարդ աշխարհագրական դիրքը, քաղաքի` որպես արդյունաբերական կենտրոնի, զարգացման հեռանկարները: Փոխվարչապետի կարծիքով` թե քաղաքական, թե տնտեսական, թե ժողովրդագրական եւ թե բուժծառայությունների որակյալ մատուցման առումով Սյունիքի մարզում առնվազն երեք կենտրոն պետք է լինի` Գորիս, Կապան, Մեղրի-Ագարակ: Վերջինի դեպքում օպտիմալ լուծում է համարվում երկու համայնքների միջեւ հիվանդանոց ունենալու տարբերակը:

Քննարկվեցին նաեւ ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդատվությունների իրականացման հնարավորությունները, ինչպես նաեւ մարզերում բժշկական կադրերի վերապատրաստման հարցեր:

Նշվեց, որ հոկտեմբերին նոր ծրագիրը կներկայացվի ՀԲ տնօրենների խորհրդին եւ հաջորդ տարվանից արդեն կարող է մեկնարկել: