Մայիսի 13-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընդունել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեվլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերները:
Պարոն Չավուշօղլուն հայտնել է, որ սա իր առաջին այցերից է անդամ երկրներ` ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո (եղել է Մոլդովայում և Ադրբեջանում): Կարևորելով Պաշտպանի դերը ԵԽ-ում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման գործում, ԵԽԽՎ նախագահը կարևորել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցի առաջարկների կատարման, ընտրական օրենսգրքի կատարելագործման, ինչպես նաև արդարադատության համակարգի բարեփոխման գործընթացները:
Հանդիպման ընթացքում Արմեն Հարությունյանը ներկայացրել է իր 2009 թ-ի տարեկան և Արդար դատաքննության վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցները: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերների մասին` Պաշտպանը նշել է հանդուրժողականության մթնոլորտի զարգացման և երկխոսության մշակույթի ձևավորման կարևորությունը` ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում: Կարևորելով պարոն Չավուշօղլուի պատասխանատու առաքելությունը ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում, Պաշտպանը ընդգծել է տարածաշրջանում համերաշխության և կայունության ապահովման կարևորությունը` որպես մարդու իրավունքների երաշխավորման կարևորագույն նախապայման:
ԵԽԽՎ նախագահը հայտնել է, որ Թուրքիայում մոտակա ամիսների ընթացքում նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում այդ երկրում կստեղծվի Օմբուդսմենի հաստատություն: Արմեն Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակության և հետագա համագործակցության ձևավորման գործընթացում, ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրության մեջ: