Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մայիսի 13-ին ընդունել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դյուֆի գլխավորած պատվիրակությանը:
Արթուր Բաղդասարյանը կարեւորել է կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությունը. «Ազգային անվտանգության խորհրդում մենք ձեռնամուխ ենք եղել Հայաստանի պարենային անվտանգության համակարգի զարգացմանը, որովհետեւ պարենային անվտանգության խնդիրներն այսօր խիստ կարեոր նշանակություն ունեն: Մեր նպատակն է` բարձրացնել պարենային ինքնաբավության մակարդակը Հայաստանում: Ձեւավորված միջգերատեսչական հանձնախումբը մշակելու է պարենային անվտանգության հայեցակարգը>>:
Ժակ Դյուֆը ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Նա շեշտել է, որ կազմակերպության ուշադրության կենտրոնում են հետեւյալ ոլորտները` ֆերմերների համար գյուղատնտեսական արդիականացված միջոցների մատչելիության ապահովում, գյուղական ենթակառուցվածքների զարգացում, մարքեթինգային շուկայավարման արդյունավետ համակարգի ներդրում` ապահովելու ֆերմերների եկամտի աճը:
Ժակ Դյուֆը ողջունելի է համարել, որ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը լրջորեն զբաղվում է պարենային անվտանգության խնդիրներով, քանի որ այն կարեւոր դեր ունի աղքատության հաղթահարման, տնտեսության զարգացման գործում, ասվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի հաղորդագրության մեջ: