19 հոկտեմբերի 2001 - 22:36 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ» ՏԱՐԲԵՐԱԿԻ ՎՐԱ
«Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտ» ադրբեջանական հասարակական կազմակերպության ղեկավար Լեյլա Յունուսովան օրերս հայտարարել է, որ իր ու հայկական հասարակական գործիչների կողմից համատեղ մշակվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախագիծ: Այդ նախաձեռնությունը առաջացավ ի պատասխան այսպես կոչված «քառյակի խարտիայի», որը նախատեսում է հիմնախնդրի լուծման ռազմական եղանակ: Յունուսովայի խոսքերով` անհնար է կարգավորել հակամարտությունը «խարտիայի» օգնությամբ, քանի որ այդ փաստաթուղթը «հակասում է Հայաստանի խորհրդարանի հայտարարություններին», ինչը վկայում է «կողմիրի միջեւ ընդհանուր կետերի» բացակայության մասին: Իսկ այն փաստաթուղթը, որի վրա աշխատում է Յունուսովան, նրա կարծիքով,հաշվի է առնելու նաեւ Հայաստանի շահերը: Հայկական կողմից աշխատանքներին մասնակցում է ոմն կազմակերպություն, որը կոչվում է «Պայմանագրերի իրավաբանական ու քաղաքագիտական հետազոտությունների կենտրոն»: Լեյլա Յունուսովան հայտարարել է, որ փաստաթուղթը կներկայացվի ադրբեջանական ու հայկական, ապա` միջազգային հասարակության քննարկմանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: