14 մայիսի 2010 - 17:49 AMT
Երևանում բացվեց Կոմիքսների միջազգային փառատոնը

Մայիսի 14-ին Երևանում Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ Կոմիքսների միջազգային 2-րդ փառատոնի հանդիսավոր բացումը, որը կազմակերպել էր Հայաստանում կոմիքսների զարգացման ֆրանսիական ընկերությունը` ApbdA, ՀՀ մշակույթի հովանավորությամբ:

Փառատոնին մասնակցելու համար Երևան են ժամանել շատ հյուրեր, այդ թվում` Կոմիքսների միջազգային կազմակերպության դեսպան Բարբարա Կանեպան, Անգուլեմում կոմիքսների բարձրագույն դպրոցի հանձնաժողովի նախագահ Դոմինիկ Բարտրայը և այլք:

Ողջույնի խոսքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհավորեց մասնակիցներին փառատոնի բացման առիթով և իր ուրախությունը հայտնեց այն առիթով, որ Հայաստանում աճել է կոմիքսների նկատմամբ հետաքրքրությունը:

ApbdA նախագահ Ժան Մարդիկյանն իր հերթին ասել է, որ երջանիկ է այն արձագանքից, որ իրենց նախաձեռնությանը տրվել է:

Ցուցահանդեսի բացմանը մեծ հետաքրքրություն ներկայացրին իտալացի նկարիչ Պաոլո Կոսիի աշխատանքները, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը: «Կոմիքսները բոլորի համար են` և’ երեխաների, և’ մեծերի: Ես ընտրել եմ պատմելու հանրամատչելի մեթոդ, որպեսզի այդ ահավոր ողբերգության մասին պատմեմ աշխարհին: Այս բոլոր աշխատանքները ես ներկայացրել եմ նաև իմ «Մեծ եղեռն» գրքում: Ես այցելել եմ Ցեղասպանության թանգարան և տեսել եմ շատ վավերագրական նյութեր, որոնց հիման վրա էլ ստեղծեցի իմ կոմիքսները: Դրանք հիմնականում սև ու սպիտակ գույներով են, որպեսզի ընդգծեն դրանց ողբերգականությունը», - ասել է նկարիչը:

Փառատոնի շրջանակներում տեղի է ունենում նաև մրցույթ, որը մեկ ամիս առաջ է սկսվել Հայաստանում են գտնվում բոլոր այցելուների համար` անկախ ազգային պատկանելությունից: Մրցույթի հաղթողների անունները կհայտարարվեն փառատոնի փակման օրը` մայիսի 16-ին:

Մայիսի 14-16-ին Նկարիչների միությունում տեղի կունենան նաև հատուկ վարպետության դասեր և սեմինարներ: